Հանրագիտարան

Վանա լիճ

Երկարություն`   119 կմ
Մակերես`   3755 կմ2
Ծավալ`   607 կմ3
Ամենամեծ խորություն`   145 մ
Միջին խորություն`   171 մ
Աղիություն`   22 %
Թափանցելիություն`   4.5 մ

Վանա լիճ, անհոսք աղի լիճ Հայկական լեռնաշխարհում, ներկայիս Թուրքիայի ծայր արևելքում։ Գտնվում է Հայկական Տավրոսի հյուսիս–արևելյան մասի, Կորդվաց լեռների, Կոտուր լեռնաշղթայի և Ծաղկանց լեռների միջև, 1720 մ բարձրության վրա։ Երբեմնի մեծ ջրային ավազանի մնացորդ է։ 

Մակերեսը 3760 քառակուսի կմ, առավելագույն լայնությունը՝ մոտ 51 կմ, խորությունը՝ մինչև 145 մ։ Վանա լճի հայելին գրեթե 2.5 անգամ մեծ է քան Սևանա լիճը։ Ունի անկանոն քառանկյան տեսք, խիստ կտրված է, հաճախ՝ զառիթափ ափերով։ Հյուսիս–արևելքում Արճեշի խորշն է, լճում՝ Լիմ, Առտեր, Կտուց (կղզի), Աղթամար կղզիները, ափերին՝ Դևեբոյնի, Ծղուկ, Կտուց հրվանդանները։ 
Վանա լիճը գտնվում է տեկտոնական իջվածքում։ Նրա գոգավորությունը բարդ կառուցվածքի բազմաստիճան գրաբեն է։ Գրաբենի եզրերով անցնում են խոշոր բեկվածքներ։ Գրաբենը առաջացել է մախամիոցենում։ Ստորին միոցենում տրանսգրեսիան ծածկել է նաև լճի իջվածքը։ Սկսած տորտոնից տրանսգրեսիան նահանջել է, և իջվածքում ձևավորվել է լագունային ավազան։ Միոցենի վերջում, Հայկական Տավրոսի ինտենսիվ բարձրացման հետևանքով, լճի մնացորդային ավազանի ջուրը հոսել է դեպի Մուշի և հարևան իջվածքները, որից հետո, մինչև պլեյստոցեն, հիշատակված մարզը եղել է ցամաքային զարգացման փուլում։ Ժամանակակից լճի առաջացումը կապված է Սիփան և Նեմրութ հրաբուխներից արտավիժած լավաներով ջրերի արգելափակման հետ։ Տեկտոնական շարժումները շարունակվում են երկրաշարժների ձևով նաև ներկայումս։ Սնվում է մթնոլորտային տեղումներից, ստորերկրյա ջրերից և գետերից։ Լիճը, գտնվելով Հայկական լեռնաշխարհի ցամաքային կլիմայի պայմաններում, ամենախիստ ձմեռներին անգամ, ամբողջովին չի սառցակալում։ Գերիշխում են տեղական և բրիզ քամիները։

Օրգանական աշխարհն աղքատ է։ Ձկներից կա միայն տառեխ։ Թռչնաշխարհին բնորոշ են որորներն ու ջրագռավները, որոնք այստեղ են գալիս հարևան Նազիկ լճից։ Մերձափնյա բնակչությունը զբաղվում է ձկնորսությամբ և աղի արդյունագործությամբ։ Հնագույն ժամանակներից ի վեր լճում եղել է նավարկություն։ Լիճն ունի պոտենցիալ հիդրոէներգիայի մեծ պաշար։

Տեղեկատվության ճշգրտության համար Dasaran.am կայքը պատասխանատվություն չի կրում: